top of page
Фото автораСПБ РОО АНКА "АНЦ-АРМЕНИЯ

«Հնչող Ձայներ» - «Звучащие голоса»

В осенней войне 2020 года погибли тысячи человек. Среди них были и молодые ребята - поэты. Произведения одинадцати из них были напечатаны в книге «Հնչող Ձայներ» - «Звучащие голоса». Презентация состоялась в Ереване в конце мая 2021 г.


21 ноября в 17:00 состоится презентация книги в Санкт-Петербурге (пр. Обуховской обороны, 261, конференц-зал Отеля "Винтаж").


Приводим внизу статью Нвард Алексанян на армянском, опубликованную 3 сентября 2021 г. в газете "Аздак" (Бейрут) .





ՆՈՒԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ


Երկիւղածութեամբ եմ ընթերցել «Հնչող ձայներ» ժողովածուն` մտովի հայցելով տղաների թոյլտուութիւնը հաղորդակցուելու օրագրային գրառումներ յիշեցնող մտքերին, որոնք այնքան նուիրական էին իրենց համար:


Արցախեան պատերազմի 11 նահատակների ստեղծագործութիւնները հրատարակել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը/«Արմաւ», Երեւան, 2021/:

Տղաները դեռ չէին պատրաստւում այլոց աչքից հեռու պահուածը հրապարակ հանել, դա պէտք էր լինէր այլ ժամանակում… եւ, անշուշտ, իրենց ներկայութեամբ…

Եւ հիմա մեզ ներկայացուած «Հնչող ձայներ»-ը իր հեղինակների` երիտասարդ, շէնշող, հազար ու մի երազանի շնչով` քնքշութեամբ խրոխտ, առաջին սիրոյ արձագանգը պահած խոհերով տարրալուծուել է մեր շնչառութեանը:


Ամէն բացուող օրուայ հետ մեր գոյապայքարի նուիրեալների ձայներով է լցւում ողջ տիեզերքը` ի հեճուկս մեր ապրած պատերազմների:


Եւ հէնց նրանց կամքով է անմեռութեամբ կրկին յառնում արհաւիրքների ամենակուլ երախում կորսուած ազատութեան մեր երազանքը: Սա է ապրողներիս թողած նրանց պատգամը. աննահանջ ու աննուաճ մնալ` իրենց օրինակով…


– Անունս հայ է, մայրս` Հայաստան, Հայրս էլ` Արցախ, տատ ու պապերս Կարս ու Էրզրում… Ես իմ արեան մէջ կը խեղդեմ նրան, Ով իր նզովեալ ոտքով կը կոխի հողն իմ հայրենի, Ես հայ եմ, մայրիկ, պապերիս ոգին ինձ միշտ զօրավիգ, Անգամ թէ պակաս գարուններ ապրեմ, Անգամ թէ պակաս համբոյրներ տամ քեզ, Դու մի բան յիշիր` հողս չեմ զիջի ոչ մի թշնամու…

Շիրակ Գասպարեան


Գրքում ամփոփուած արձակ եւ չափածոյ գործերն իրենց հեղինակների հոգու զուլալութեան խոհականութեամբ այնքան բազմաշերտ են, որ ընթերցողին տանում են խօսքի խորհրդի այլ տիրոյթներ, ուր զրոյցը ոչ սովորական է… Վարդան Ամալեանի տողերը քեզ բռնում ու բաց չեն թողնում, փիլիսոփայական իր մտքերում բոլորս ենք:

«Ինչ է կեանքը… երկրային փորձութիւն, թէ անվերջանալի մի երթ որը կազմել է Աստուած: Նայելով երկնքին` դու հասկանում ես, որ կեանքն այնքան էլ այն չէ, ինչ մենք ապրում ենք: Դու հասկանում ես, որ ամէն ինչ աւելի խոր է, աւելի բնական եւ անհասանելի:


«Ես սիրում եմ կեանքն իր ամէն ինչով` վերելքներով եւ վայրէջքներով: Դաւաճանութիւնը չեմ սիրում, զզւում եմ թուլամորթ տղաներից, եւ, ընդհանրապէս, թուլամորթ մարդկանցից: Ես ինձ երկու բառով չեմ կարող արտայայտել, քանի որ շատ երազանքներ ունեմ եւ շատ տարիներ` ապրելու»:


Ջահելութիւնն իր եռանդով ու խենթութեամբ ձեռք է զարկում ամէն ինչին, փորձում` մեր կեանքի բոլոր խրթին հարցերին պատասխաններ գտնել: Աւետիք Կարճիկեանն է այն մատնանշում.


– Բոլորս էլ մեր երազի Արահետն ենք փնտռում:


Այդ փնտռտուքի կիզակէտում է մի կերպար, որ ներկայ է նրանց ամէն տողում: Կեանքոտ դիմանկար է, որին ամէն մէկն էլ կամեցել է իր գոյնն ու նախշն աւելացնել: Մեր գոյապայքարի բոլոր նահատակներն երեւի այսպիսին էին. մէկը մի օր իր երազած ժապաւէնը պիտի նկարէր, միւսը վէպ ու պատմուածք գրէր կամ մեղեդի յօրինէր, մէկ ուրիշն էլ համարձակօրէն դէպի իրեն նետուած քարերով տուն կառուցէր:


– Ես խնամքով հաւաքում եմ բոլոր քարերը, որ մարդիկ նետում են իմ ուղղութեամբ: Մի օր անպայման տուն կը կառուցեմ այդ քարերից: Եւ յետոյ տեսնելով տունն այդ, մարդիկ զարմանքից քար կը կտրեն, քար աւելի, քան քարերն այն, որ նետել են ինձ վրայ:


Հայասէր Յովսէփեան


Սերնդակից լինելով հանդերձ, տղաներն այնքան իւրատիպ են իրենց մտածողութեամբ ու խառնուածքով:

Միաժամանակ, նրանցից իւրաքանչիւրի գրառումներում, ասես, ներքնատեսութեան անտես զօրութեամբ սեփական կենսագրութեան սկիզբն ու աւարտն է նախանշուել.


«Գնալուս բան չմնաց, բայց իմ պատմութեամբ պիտի փորձեմ կոտրել իւրաքանչիւրիդ մէջ ապրող ու ձեզ խանգարող, նպատակներից կտրող թուլութիւնը: Ուզում եմ, որ ամէնքդ ձեր ներսում կրէք ԼՈՅՍԸ»:

Վաչագան Մանուկեան


Իմաստնօրեն այդ կարճ, բայց այնքան տրամաթիք ճամբաբաժնում նրանք ունէին նոյն հրամայականը. ամէն գնով օգտակար լինել սեփական ժողովրդին, աւանդ ունենալ, անյիշատակ չմնալ գալիք սերունդների գնահատանքում:


– Ես պայքարում եմ գիշեր ու ցերեկ, Որ ինձնից յետոյ ընկեր, բարեկամ, անգամ լոկ ծանօթ Անունս տալիս շիկնելու պատճառ բնաւ չունենան, Գլուխ չկախեն, ամօթ էլ չզգան նրանք ինձ համար: Թող, որ ամուր, երկու ոտքերով ես կանգնեմ գետնին: Յետոյ էլ, երբ նա իր գիրկը առնի, հառաչանք քաշի ու ինձ ափսոսայ: Նաեւ ուզում եմ պարզերես կանգնել Բարձրեալի առաջ, Որ նրա դատից երկիւղ չունենամ…

Շիրակ Գասպարեան


Սա է մահ իմացեալի ցոյց տուած ուղին, մարտակոչը, որ մեր նահատակներից իւրաքանչիւրն այն համարել է անբեկանելի ու միմիայն իրենով իրագործելի: Եւ գրքում ներկայացուած գործերը միմեանց լրացում ու շարունակութիւն են:


«…Մենք պարզապէս աւելի լաւ կը կառավարենք աշխարհ` յանուն` բարու, յանուն` Աստծու»:

Վարդան Ամալեան

Իրենց ստեղծած աշխարհներն որքան` տարբեր, նոյնքան էլ նման են: Նրանցից իւրաքանչիւրն աշխարհ էր եկել իր բաժին խօսքն ասելու, իր աշխարհն արարելու համար:

– Որքան չասուած խօսքեր ունեմ, Որքան պահուած սիրոյ խօսքեր Որքան կարօտ երգեր ունեմ, Որքան սպասուած սիրոյ երգեր, Որքան կարմիր վարդեր ունեմ, Սիրոյ փայլով պատուած վարդեր, Ինչքան խնդրանք, աղօթք ունեմ: Ինչքան փայլուն յոյսեր ունեմ..

Տիգրան Յարութիւնեան

Նրանք իրենց կենսասիրութեամբ ազատութեանը զինուորագրուեցին: Շատերն իրենց խենթ ու խելառ, անհոգ պատանեկութիւնը պատերազմի ահեղ թոհ ու բոհում յաղթահարելու եւ հասուն այր ու հայրենապաշտպան դառնալու, օրհասի պահին ազգին փրկութիւն բերող անպարտելիների զօրագունդը համալրելու համար:

«Վճռեցի շարունակել Թեհլիրեանի սուրբ վրէժը»:

Սուրէն Մելիքբեկեան

«Փառք ձեզ, տղերք, լոյսի մէջ մնաք, հերոս տղերք…»

Կոմիտաս Յակոբեանն արցախեան առաջին պատերազմի նահատակներից է եւ ժողովածուն կազմողները նրա ստեղծագործութիւնները եւս ընդգրկել են գրքում: Ժամանակ առաջ անդրադարձել եմ յետմահու հրատարակուած նրա կեանքի ու ստեղծագործութեան հանրագումարը կազմող «Գոյութեան պատրանք» գիրքին:

«Գոյութեան պատրանքը» բանաստեղծի կամօք է վերածուել իրական կեանքի, եւ նա ապրել է փոթորկուն ու վտանգուած հայրենիքում` տագնապով ու յաղթանակի անկորնչելի փափաքով: Չէ՞ որ երկրային ու երկնային ուղեծրերում հայրենի հողն ոչ միայն ստեղծագործական ներշնչանքի, այլեւ ադամորդու` ինքն իր ճշգրիտ պատկերն ունենալու ամենաիմաստուն ու կենսահաստատ ակունքն է:


… Սեւ անգղերը շանթահարում են քո կապոյտ լռութիւնը, դարավերջի արկ ու հրթիռները քրքրում են քեզ, Բայց, երկիր իմ, խրամատում յամառ է զինուորդ:


Անշուշտ, հայրենիքի պաշտպանութեան ահեղ պայքարում իրենց կեանքը նուիրաբերածներից իւրաքանչիւրն էլ իր էութեամբ ստեղծագործող ու երազային էութիւն էր, քանզի ազատութեան ձգտումն ամենահզօր ստեղծագործութիւնն է` իբրեւ լոյսի աւետաբեր:


Ինչպէ՞ս կարող է պատերազմի խավարչտին քաոսում լոյսի յետագիծը տեսնողն ու դրա փրկութեանը փութացողը ստեղծագործ միտք ու հոգի չունենալ: Այդ ամէնից ծնուած մեղեդին, խօսքը, պատկերն այլ դիմագիծ եւ հնչողութիւն ունեն: Պարզապէս մէկը կարողացել է պահ տալ թղթին, կտաւին, մէկն էլ անթեղել է հոգում` մէկ այլ ժամանակում երեւացնելու թաքուն փափաքով: Նրանք բոլորն էլ` օծեալ էին, իւրաքանչիւրը` եզակի` աշխարհընկալման տեսլականով, բայց բոլորն էլ` հայրենիքի զաւակի սիրով ու նուիրումով: Շանթ Նաւոյեանի սաստող` «Շատ բան ունես անելու մինչեւ խօսելը, մի՛ խօսիր, չխօսենք…» միտքն այսպէս է շարունակում Շիրակ Գասպարեանը.


– Ցիրուցան եղած հայի իղձերից գէթ մէկը կոչել ես կ՛ուզեմ կեանքի, Թեւ առնեմ, թռչեմ կապոյտ լազուրում ազատ թռչնի պէս, Իւրայիններիս հետ ելնեմ ես պարի, քոչարի բռնենք Մասիսի լանջին, Նախքան ես կ՛ելնեմ աշխարհը վերին, անմեղ զոհերին պարտքս յանձնելու:


Անհնար է առանց յուզմունքի ծանօթանալ նրանց մտքերին, նրանց համար կեանքը լի էր բազում հարցականներով, սակայն նրանք համարձակօրէն իրենց խօսքն ու լուծումներն էին բերել:

Եւ իւրաքանչիւրի նոյնիսկ փոքր-ինչ թեւաթափ խօսքում այնքան կեանք ու երազանք կայ…

«Ներիր ինձ, ՀԱՅՐԵՆԻՔ, նուաստիս անփառունակ ընթացքի համար: Ներիր, որ չկարողացայ կերտել յաղթական երթդ ու ներիր, որ բոլոր վէրքերդ չկարողացայ առնել մարմնիս վրայ, որպէս բազմաչարչար օրերիդ մխիթարանք», գրել է Վաչագան Մանուկեանը` իր անաւարտ կերպարի ամբողջացման խնդրանքով դիմելով Տիրոջը.


– Նկարիր, մեղմ վրձնահարուածներով քո պատկերիր ինձ, Տէր, Չգրուած խօսքերս սղագրիր պատկերում իմ, իսկ ապրած սիրոյ ակնթարթները` յաւերժութեան գոյներով նկարիր…


Իսկ Արէն Յովհաննիսեանի խօսքը թւում է յոյզերի երանգափոխման դժուարին գործին յստակութիւն կը բերի.


«… Սովորիր յօրինել, սովորիր երազել, սովորիր ապրել, ապրել` ինքդ քեզ համար եւ ուրիշներին տաքացնելու համար, սովորիր` սիրել, սիրել անշահախնդիր, մեծահոգաբար…»:

Տասնմէկ անունով է ներկայանում գիրքը, սակայն առաջին տողերի հետ սկսուող ու աւարտ չունեցող է:


Տղաներն ունէին իրենց հերոսները, որոնց կերպարները պէտք էր ամբողջանային իրենց հասակ առնելուն զուգահեռ, դեռ յետոյ պիտի մեր կեանքի լաբիւրնթոսն իր ուրոյն պատկերաւորումն ստանար նրանց գործերում: Եւ իրենք էլ պիտի քայլէին իրենց հերոսներին համընթաց` միմեանցից փոխանցելով հայեացք, կենսակերպ, վերելք ու անկում: Եւ դրանով նրանցից իւրաքանչիւրը կ՛արարէր իր նուիրական ես-ը` հար եւ նման իրենց տողերին: Չհասցրին, անիծեալ պատերազմը սադայէլի պէս կուլ տուեց նրանց: Իսկ իրենք գրականագէտ Դաւիթ Գասպարեանի խօսքով` «Երկու ես չունէին, որ մահուան հետ բանակցէին, նրանք, ահա, անկախ հանգամանքներից, հերոսաբար այդ միակ ես-ը զոհաբերեցին»: Որ ապրի հաւատը` Հայրենիք անունով: Եւ իրենց իսկ խօսքով`

Այս ալ ծաղիկը յոյսն է յաւերժի, Որ մի օր, մի տեղ կը ծնուենք նորից…

16 просмотров

Недавние посты

Смотреть все

Героическое участие армян в СВО

В феврале 2024 г. газета «Ноев ковчег» (#2) опубликовала статью об участии армян в СВО. Автор — Арам Хачатрян, общественный деятель,...

Commentaires


bottom of page